Պարզաբանում՝ ք․ Երևան, Ան․ Միկոյան փողոց 2/21 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ
հոկտեմբեր 14, 2026
Սոցիալական մեդիայում շրջանառվող որոշ մեկնաբանությունների առնչությամբ Պետական գույքի կառավարման կոմիտեն հարկ է համարում անդրադառնալ Ան․ Միկոյան փողոց 2/21 հասցեի անշարժ գույքի էլեկտրոնային աճուրդի շուրջ ստեղծված իրավիճակին։
Նախապատմությունը
Նշված գույքը 10.02.2025թ.-ին վարձակալության էր տրամադրվել «ՏԵԽ ԶՆՆՈՒՄ 3» ՍՊԸ-ին (վարձակալ՝ Կ. Ե., 50% բաժնետեր՝ Ա. Ե., 50% բաժնետեր՝ Ն. Մ.)։ Վարձակալական պարտավորությունները չկատարելու հիմքով պայմանագիրը սահմանված կարգով դադարեցվել էր, իսկ չվճարված 22,597,439 ՀՀ դրամ (բանկային տոկոսները ներառված չեն) վարձավճարի բռնագանձման պահանջով Կոմիտեն դիմել է դատարան։
Բացի այդ, նշված տարածքում ինքնակամ շինություններ կառուցելու և պետական գույքը վնասելու կամ ոչնչացնելու վերաբերյալ իրավապահ մարմինների կողմից նախաձեռնված է քրեական վարույթ։
Աճուրդի կազմակերպումը և ի հայտ եկած փաստացի խոչընդոտը
Տարածքի էլեկտրոնային աճուրդը մեկնարկել է 05.10.2026թ.-ին և սահմանված կարգով տևել մինչև 08.10.2026թ.-ը, որի արդյունքներով հաղթող է ճանաչվել «ՏԻԳԱՐ 10» ՍՊԸ-ն։
Սակայն, մինչ աճուրդի արդյունքների արձանագրության ստորագրումը, Կոմիտեն տեղեկություններ է ստացել, որ տարածքն, առանց իրավական հիմքերի, փաստացի զբաղեցված է։
Կոմիտեի աշխատակիցների կողմից տեղատեսություն իրականացնելու արդյունքում կազմվել է արձանագրություն, որը ստորագրել է տարածքն առերևույթ ապօրինի զբաղեցնող անձանցից Օ. Մ.-ն (վերջինիս ազգականը «ՏԵԽ ԶՆՆՈՒՄ 3» ՍՊԸ-ի 50% բաժնետեր Ն. Մ.-ն է)։
Ուսումնասիրությունն ի հայտ է բերել ևս մեկ փոխկապակցվածություն․ աճուրդում հաղթած «ՏԻԳԱՐ 10» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավարը նախկին վարձակալ Կ.Ե.-ի կինն է և «ՏԵԽ ԶՆՆՈՒՄ 3» ՍՊԸ-ի բաժնետերից Ա. Ե.-ի մայրը։
Կոմիտեի դիրքորոշումը
Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջնորդվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ և պետական շահերի պաշտպանությամբ։
Աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը Կոմիտեի կողմից չի ստորագրվել, որի մասին «ՏԻԳԱՐ 10» ՍՊԸ-ն ծանուցվել է։
Գույքը կրկին վարձակալության տրամադրելու նպատակահարմարության հարցին Կոմիտեն կանդրադառնա միայն առկա խոչընդոտներն ի սպառ վերացնելուց և տարածքն ապօրինի տիրապետումից լիարժեք ազատելուց հետո։
Պետական տարածքը զավթելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ենթադրյալ դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ իրավապահ մարմիններին։