Պետական մասնակցությամբ ընկերություններում կորպորատիվ կառավարման զարգացման նպատակով կնքվել է քառակողմ հուշագիր
հուլիսի 01, 2026
Հունիսի 29-ին «Կորպորատիվ կառավարման կենտրոն» հիմնադրամը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ՀՀ ֆինանսների նախարարությունը և Պետական գույքի կառավարման կոմիտեն կնքել են մտադրությունների մասին քառակողմ հուշագիր։
Հուշագրի համաձայն նախատեսվում է համատեղ ջանքերով նպաստել ՀՀ պետական մասնակցությամբ ընկերություններում կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքների ներդրմանն ու կիրառմանը՝ մասնավորապես բարելավելով պետական մասնակցությամբ ընկերությունների կորպորատիվ կառավարման պատասխանատուների իրազեկվածությունը, ոլորտային ու համակարգող մարմինների կարողությունները, ինչպես նաև պետական մասնակցությամբ ընկերությունների ընկալումը էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության հիմնախնդիրների վերաբերյալ։
Հուշագրի ստորագրումից հետո Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից կազմակերպված «Կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումները և դրանց արձագանքը Հայաստանում» խորագրով տարեկան համաժողովի շրջանակներում անցկացվել է նաև «Կորպորատիվ կառավարման զարգացումները Հայաստանի պետական մասնակցությամբ ընկերություններում (ՊՄԸ)» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցել է նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայությամբ գործող «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Դավիթ Մկրտումյանը։
Անդրադառնալով պետության մինորիտար մասնակցությամբ ընկերություններում սեփականատիրական իրավունքների արդյունավետ իրականացման վերաբերյալ հարցին` Դ. Մկրտումյանն ընդգծել է ընկերությունների մինորիտար բաժնետերերի իրավունքների լիակատար պահպանման կարևորությունը, և այդ ընկերություններում կորպորատիվ կառավարման լավագույն ստանդարտների ներդրման ու բարելավման անհրաժեշտությունը։ Նշվել է նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի պրոֆեսիոնալ կառավարման ուղղությամբ նախատեսվող քայլերի կարևորության, մասնավորապես՝ ակտիվների կառավարման գրասենյակի, պետական ֆոնդերի կամ հոլդինգային ընկերությունների հիմնադրման մասին, ինչը նախատեսված է նաև պետական մասնակցությամբ ընկերությունների և մինորիտար մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականությամբ։
Քննարկման ավարտին մասնակիցները ներկայացրել են նաև առաջարկություններ պետական մասնակցությամբ ընկերությունների կառավարման համակարգերի շարունակական բարելավման ուղղությամբ՝ ընդգծելով միջազգային լավագույն փորձի կիրառման և կառավարման որակի բարձրացման կարևորությունը։